Հուլիսի 4-ին Միացյալ Նահանգները տոնում է երկրի անկախության հռչակման ու Անկախության հռչակագրի ընդունման 232-ամյակը:
Հուլիսի 3-ին այս տոնը հանդիսավորությամբ նշվեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը: Միջոցառման ժամանակ ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնը նշեց. «Երկու հարյուր երեսուներկու տարի առաջ Միացյալ Նահանգների հիմնադիրները` վտանգելով իրենց կյանքն ու հարստությունը հանուն ազատության, ընդունեցին Անկախության հռչակագիրը: Այս փաստաթուղթը հռչակում էր մարդկանց անօտարելի իրավունքները, մասնավորապես կյանքի, ազատության ու երջանիկ ապրելու իրավունքները»: Նա նշեց, որ մարդիկ տարբեր պատճառներով են ներգաղթել Միացյալ Նահանգներ, սակայն «կա մի մղում, որ ընդհանուր է բոլորի մոտ, և դա ազատության մեջ ապրելու ցանկությունն է»: Ջ. Փենինգթոնը նաև անդրադարձ կատարեց Միացյալ Նահանգների ամուր հայկական համայնքին ու վերջինիս ունեցած ներդրմանը Միացյալ Նահանգների հաջողություններում: Եզրափակելով իր խոսքը նա ասաց. «Որպես Հայաստանի իսկական բարեկամ Միացյալ Նահանգները մշտապես կօժանդակի Հայաստանի ժողովրդին ու Հայաստանի կառավարությանը իրենց հավակնությունների կենսագործմանն ուղղված համատեղ աշխատանքում»: Այդ օրն ավել վաղ ԱՄՆ Անկախության տոնի կապակցությամբ իր շնորհավորանքները դեսպանատանն ուղղելու համար ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին էր այցելել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: