Skip to main content

Ճանապարհային ոստիկանություն. Հայաստանում 2013 թվականին ճանապարհներին զոհվել է 316 մարդ, որից 20 երեխա

Ճանապարհային անվտանգության առկա վիճակին է այսօր կայացած ասուլիսին անդրադարձել Ճանապարհային Ոստիկանության ճանապարհապարեկային ծառայրության  պետ, գնդապետ Նորիկ Սարգսյանը: Մասնավորապես, նա ներկայացրել է ընթացիկ և անցյալ տարիների վիճակագրական պատկերը:
Ընթացիկ տարեսկզբից մեր երկրի ավտոճանապարհներին արդեն իսկ արձագրվել է 142 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնք հետևանքով զոհվել է 14 մարդ, վիրավորվել է 217 հոգի: Ըստ  Ճանապարհային Ոստիկանության ճանապարհապարեկային ծառայրության  պետ, գնդապետ Նորիկ Սարգսյանի, համեմատած անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ զոհերի քանակը նվազել է 6-ով:
Այսօրվա ասուլիսի բուն առիթը անցյալ տարվա արդյունքների ամփոփումն էր:
 Ընդհանուր առմամբ 2013 թվականին արձանագրվել է 2824 պատահար, որոնց հետևանքով զոհվել է 316, վիրավորվել 3994 մարդ: Երեխաների մասնակցությամբ գրանցվել է 303 ավտովթար, որոնց հետևանքով զոհվել է 20 և վիրավորվել է 345 անչափահաս:
Համեմատության համար նշենք, որ 2012 թվականի ընթացքում ավտովթարների թիվը կազմեց 2602, որոնց հետևանքով զոհվել է 311 մարդ, տարբեր մարմնական վնասվածքներ ստացել 3739 հոգի:  
Գնդապետ Սարգսյանը ճանապարհատրանսպորտային պատահարների թվի ավելացումը պայմանավորում է արտասահմանյան արտադրության նոր ավտամեքենաների թվի ավելացմամբ և ԱՊՊԱ համակարգի ներդրմամբ:  
Միևնույն ժամանակ, բարձրացել է վարորդների կարգապահությունը՝ շնորհիվ տեղադրված տեսախցիկների և արագաչափների: Վերջինների թիվը այս տարի ամբողջ հանրապետությունում կավելանա ևս 50-ով:  Շատ հաճախ արձանագրված խախտումները բողոքարկվում են վարորդների կողմից, հավելեց բանախոսը:
Ընդհանուր առմամբ, առկա վիճակը կայուն է, նշեց ճանապարհապարեկային ծառայրության  պետը:
Ճանապարհային ոստիկանության առջև խնդիր է դրված մոտակա 5 տարիների նվազեցնել ընթացքում  ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքվ զոհերի քանակը 10 տոկոսով: Նախորդ 5 տարիների  ընթացքում հաջողվել է պակասեցնել զոհերի քանակը 23 տոկոսով: Իսկ այս տարի ճանապարհային ոստիկանները հատուկ ուշադրություն են դարձնելու երեխաների հետ տարվող աշխատանքներին:

Comments