Վրաստանի նախագահ Միխեյիլ Սաակաշվիլու Հայաստան կատարած պաշտոնական այցը որեւէ բան չփոխեց երկու երկրների միջեւ առկա խնդիրների լուծման առումով: Այս մասին նշվեց Հայացք ակումբում հունիսի 26-ին քաղաքագետներ Ստեփան Գրիգորյանի եւ Երվանդ Բոզոյանի հետ լրագրողների հանդիպմանը: Ընդ որում, եթե Ս.Գրիգոյանը, ողջունում է հայկական իշխանությունների զգուշավոր պահվածքը, ապա Ե.Բոզոյանը գտնում է, որ այսօր որեւէ քայլ չձեռնարկելու կողմնակիցները անխուսափելի են դարձնում դրության հետագա բարդացումները Ջավախքում:
«Ջավախքի հետ կապված խնդիրները սրելը Հայաստանի շահերից չի բխում»,– ասել է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը,– դրանք պետք է լուծել միմիայն բանակցությունների ճանապարհով:
-Պետք է հասականալ, թե որտե՞ղ կարող ենք զիջել, որտե՞ղ իրավունք չունենք զիջելու։ Եթե մենք զիջում ենք հայ-վրացական համալսարան չստեղծելու, լեզուն չկիրառելու հարցերում, ապա ստեղծում ենք մի շատ վտանգավոր հիմք՝ հետագայում լուրջ հակամարտությունների համար։ Հայ-վրացական հարաբերությունների բարելավման լավագույն տարբերակը այդ խնդիրները լուծելն է։ Չլուծելը հղի է լուրջ հետևանքներով, որը մենք կտեսնենք 3-4 տարի անց։
Ըստ Ե. Բոզոյանի՝ ամեն ինչ կախված է նրանից, թե ջավախահայության խնդիրը մեր երկրի համար գլխացավա՞նք է, թե՞ գործոն.
-Եթե դա իսկապես գործոն է, մենք կարող ենք հավասարակշռել հայ-վրացական հարաբերությունները և թուլացնել մեր կախվածությունը Վրաստանից՝ որպես տարանցիկ երկրից։ Եթե մեզ համար գլխացավանք է, ապա շատ կարճ ժամանակահատվածում մենք կզգանք դրա բոլոր բացասական հետևանքները։
Comments