Skip to main content

ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ 2009 թ. ՀՈՒՆԻՍԻ 12-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔՈՒՄ

Սիրելի հայրենակիցներ,
Մայիսի 31-ի ընտրությունները եւս մեկ անգամ բացահայտեցին Հայաստանի ներկա իշխանությունների հակաժողովրդական, բռնատիրական էությունը եւ նշանավորեցին նրանց հետ հույսեր կապելու լիակատար անհեռանկարայնությունը։ Եթե ինչ-որ մարդիկ դեռ պատրանքներ ունեին, թե այս իշխանություններն ընդունակ են բարեփոխվելու եւ պետական մտածողություն դրսեւորելու, ապա այդ պատրանքները հօդս ցնդեցին։ Մենք ականատեսը եղանք ընտրական գործընթացի կատարյալ քրեականացման՝ իրականացած ինչպես պետական մեքենայի, այնպես էլ հանձնաժողովների անդամների ու թաղային հեղինակությունների ամենաակտիվ մասնակցությամբ։ Սերժ Սարգսյանն այս ընտրություններով ցույց տվեց, որ ժողովրդավարության ճանապարհով ազգային համախմբման հասնելու նպատակ չունի եւ մտադիր է այսուհետեւ եւս երկիրը կառավարել բռնատիրական մեթոդներով։
Ընտրությունների քրեականացումը, որից ես զգուշացնում էի դեռեւս մայիսի 1-ի հանրահավաքում, մասնակի դեպք կարող էր դիտվել, եթե չլիներ երկրի կառավարման ամբողջական քրեականացման միտումը։ Եթե Ռոբերտ Քոչարյանի օրոք ավազակապետությունը հենվում էր գլխավորապես իրավապահ մարմինների, կոռումպացված պետական պաշտոնյաների եւ օլիգարխների վրա, ապա Սերժ Սարգսյանը աստիճանաբար թուլացնում է դրանց դերը եւ հենվում բացառապես քրեական տարրերի վրա։ Ընտրական տեղամասերն այս անգամ ոչ թե ուղղակիորեն տնօրինում էին ոստիկանները, թաղապետերը կամ օլիգարխները, այլ նրանց հովանավորության տակ գործող փողոցային բանդաները։
Որ մենք գործ ունենք ոչ թե պատահական երեւույթի, այլ հատուկ գործադրվող ծրագրի հետ, ապացուցվում է նրանով, որ քրեական տարրերն աստիճանաբար թափանցում են նաեւ բուն պետական համակարգեր։ Այսպես, գաղտնիք չէ, որ նոր օրենքի համաձայն պայմանագրային հիմունքների անցած ոստիկանության պարեկա-պահակային ծառայությունը համալրվում է հիմնականում այդպիսի տարրերով։ Բացի այդ, տեղեկություններ կան նաեւ այն մասին, որ քրեական համբավ ունեցող բազմաթիվ անձնավորություններ, մասնավորապես Արտաշատի շրջանից, վերջերս ընդունվել են Ազգային անվտանգության ծառայության շարքերը։ Խոսքն, այսպիսով, վերաբերում է վարչախմբի գլխավոր հենարանի վերածվող փողոցային բանդաների օրինականացմանը, ինչը նրանց հնարավորություն կտա գործելու ավելի սանձարձակ եւ օրենքի լիակատար պաշտպանության տակ։ Խոսքն, ավելի կարճ, վերաբերում է համազգեստավոր քիլերների ինստիտուտի ձեւավորմանը, որը վարչախմբին անհրաժեշտ է ոչ միայն ընդդիմության դեմ օգտագործելու, այլեւ սեփական ճամբարում ժամանակ առ ժամանակ հայտնվող անհնազանդներին պատժելու համար։ Այնպես որ, գալու է մի պահ, երբ նույնիսկ ավազակապետություն բառը եւֆիմիզմ է թվալու, քանի որ երկիրը կամաց-կամաց վերածվում է խուժանապետության։
* * *
Սերժ Սարգսյանի մտածելակերպի մասին ձեզ ամբողջական ու լիարժեք պատկերացում տալու համար ես ուզում եմ որոշ մեջբերումներ կատարել Սարդարապատի հերոսամարտի տարեդարձի առթիվ մայիսի 27-ին հրապարակած նրա շնորհավորական ուղերձից. «Մենք որպես ազգ ի վիճակի ենք մեծ խնդիրներ դնել մեր առջեւ եւ ազգովին լուծել, իսկ դրա համար անհրաժեշտ են հավաքական ջանք, ներքին համաձայնություն, փոխադարձ հարգանք, մեծահոգություն ու ներողամտություն։ ...Մարտիմեկյան իրադարձությունները բավարար են պնդելու համար, որ մենք դեռ լուրջ անելիքներ ունենք անցյալից դասեր քաղելու հարցում։ Բոլորիս ցավը հանդիսացող այդ դեպքերը վկայեցին, որ մեր օրերում եւս հնարավոր է իրավիճակ, երբ պարտվում են բոլորը, պարտվում է միասնականությունը, բարությունը, երբ հաղթանակում է չարացածությունը, անհանդուրժողականությունը, տիրապետում են կրքերըե։
Այս հուզիչ տողերն ընթերցելիս, իմ առաջին տպավորությունն այն էր, որ լսում եմ Ձիթենյաց լեռան քարոզը, բայց դժբախտաբար ոչ թե Քրիստոսի, այլ Հուդայի շուրթերից։ Ներքին համաձայնության, փոխադարձ հարգանքի, մեծահոգության, ներողամտության, բարության եւ հանդուրժողականության մասին խոսում է մի մարդ, որը նախագահի գահին բազմել է ժողովրդի կամքի բռնի ոտնահարմամբ, սառնասրտորեն գնդակահարել տասը խաղաղ ցուցարարի, հարյուրավոր ազնիվ քաղաքացիների շինծու քրեական գործերով բանտ նետել՝ միայն այն բանի համար, որ նրանք համարձակվել են բողոքել վարչախմբի եւ անձամբ իր ապօրինությունների դեմ։
Իսկ երբ վերը նշված գեղեցիկ խոսքերն արտասանելուց ընդամենը չորս օր անց Սերժ Սարգսյանը կազմակերպեց Հայաստանի պատմության մեջ արձանագրված, թերեւս, ամենախայտառակ ընտրությունները, ապա հուդայականության մասին ակնարկն ամենեւին չափազանցություն չպետք է թվա։ Հատուկ ուշադրության է արժանի նաեւ «անհանդուրժողականությունե եւ «չարացածությունե բառերի սարգսյանական ընկալումը։ Ըստ նրա՝ իշխանություններն իրավունք ունեն կեղծել ընտրությունները, գնդակահարել խաղաղ ցուցարարներին, զնդանել անմեղ մարդկանց, թալանել երկիրը, ոչնչացնել ժողովրդավարական ազատությունները, իսկ երբ դրանց դեմ բողոքում են, ահա, դա համարել «անհանդուրժողականությունե եւ «չարացածությունե։ Էլ ի՞նչ անուն նա կարող էր տալ ճորտի բողոքի արտահայտություններին՝ ճորտի կամ ստրուկի, որպիսին նա համարում է մեր ժողովրդին։
Սարգսյանի ուղերձին կսազեր նաեւ «արդարամտությունե բառը, որը սխալմամբ նա չի օգտագործել, բայց որն իր լիարժեք մարմնավորումը պիտի ստանար Փաստահավաք խմբի գործունեությունը դադարեցնելու մասին նրա կարգադրության մեջ՝ կարգադրություն, որն, ըստ էության, ոչ այլ ինչ է, եթե ոչ մարտի 1-ի ոճրագործության կոծկման բարձրագույն հրահանգ։ Զարմանալի հատկություն է դրսեւորում նրա «արդարամտությունըե. այն տարածվում է միայն դահիճների, մարդասպանների, ընտրակեղծարարների, ավազակների ու կաշառակերների վրա։ Ի դեպ, ձեռքի հետ Սերժ Սարգսյանը ոչնչացրեց կամ հիմնովին փչացրեց նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը՝ Փաստահավաք խմբի լուծարման տխրահռչակ գործն իրականացնելով վերջինիս միջոցով։
«Ազգընտիրըե մոռացել է իր ուղերձում հիշատակել նաեւ «վեհանձնությունե բառը։ Բայց այս անգամ դա տեղի է ունեցել ոչ պատահաբար, ինչի գաղտնիքը բացահայտվում է համաներման հարցում նրա դրսեւորած անվայել պահվածքով։ Մարդը, կարծես-թե, բոլորովին անընդունակ է զգալու իր զբաղեցրած պաշտոնի վեհությունը, եւ ի վիճակի չէ կատարելու որեւէ լավ գործ, առանց դրա մեջ, իր լեզվով ասած, «մունդառությունե խառնելու։ Ավելի պատկերավոր, քան Պարսից շահերից մեկի հետ կապված հետեւյալ ավանդությունը, չի կարող լուսաբանել տվյալ երեւույթը։ Երբ շահը շրջագայում է իր երկրում, մի գյուղացի մոտենում է նրան ու խնդրում. «Փադիշահ, խեղճ, անտուն, տասներկու երեխայի տեր մարդ եմ, ինձ մի տուն նվիրիրե։ Շահը, ձիու վրայից նայելով ծնկաչոք գյուղացուն, ասում է. «Այս ամբողջ գյուղը քեզե։ Այնժամ վեզիրը դառնում է շահին ու բողոքում. «Բայց, փադիշահ, նա ընդամենը մի տուն ուզեցե։ Շահը պատասխանում է. «Մարդն իր խեղճության գյորա խնդրեց, իսկ ես պարտավոր եմ իմ վեհության գյորա շնորհ անելե։ Ինչեւէ, Սերժ Սարգսյանի մտածելակերպի, կամ իր սիրած բառով՝ մենթալիտետի, քննությունը թողնենք հոգեվերլուծաբաններին ու առաջ անցնենք։
* * *
Իսկ այժմ դառնանք Սերժ Սարգսյանի հզոր հովանավորին կամ «կռիշայինե՝ մեր սիրելի Արեւմուտքին։ Բայց մինչեւ բուն նյութին անցնելը, ուզում եմ ձեզ ներկայացնել մի հետաքրքիր դրվագ՝ եւրոպացի դիվանագետներից մեկի հետ վերջերս ունեցած իմ զրույցից։ Երբ դիվանագետը բազմիցս հավաստիացրեց, թե իր երկիրն անկեղծորեն շահագրգռված է օգնած լինել Հայաստանին, ես փորձեցի ճշտել՝ Հայաստան ասելով, նկատի ունի մեր երկրի իշխանությունների՞ն, թե՞ ժողովրդին։ Նա, անշուշտ, հասկացավ իմ ակնարկը, բայց դիվանագիտորեն ու մի փոքր նյարդայնացած կրկնեց, որ իր երկրին ուզում է օգնած լինել Հայաստանին։
Ամբողջ խնդիրն այն է, որ երրորդ աշխարհի երկրներին Արեւմուտքը վերաբերվում է ոչ թե այդ երկրների ժողովուրդների շահերի, այլ նրանցում հաստատված ռեժիմների վարքագծի տեսակետից։ Հակառակ հռետորական դատարկաբանություններին, Արեւմուտքի արտաքին քաղաքականության մեջ ժողովուրդ, ազատություն, արդարություն, ժողովրդավարություն հասկացությունները գոյություն չունեն։ Ամեն ինչ ենթարկվում է գեոպոլիտիկայի եւ տնտեսական շահերի տրամաբանությանը։ Երբ ռեժիմներն սպասարկում են այդ տրամաբանությանը, նրանք ստանում են Արեւմուտքի անվերապահ աջակցությունը, անկախ այն բանից, թե ինչպիսի չարիքներ են գործում սեփական երկրներում։ Իսկ երբ այդ ռեժիմները խախտում են նշված տրամաբանությունը, նրանք Արեւմուտքի կողմից ենթարկվում են խստագույն պատիժների։ Դժբախտությունն այն է, սակայն, որ երկու դեպքում էլ գլխավորապես տուժում են ժողովուրդները։
Այն ամենն, ինչ ասվեց երրորդ աշխարհի երկրների ռեժիմների եւ ժողովուրդների մասին, հավասարապես տարածվում է նաեւ Հայաստանի վրա։ Արեւմուտքը ոչ թե հայ ժողովրդի, այլ Հայաստանի հանցավոր վարչախմբի, այսինքն՝ մարդասպանների, ավազակների եւ ընտրակեղծարարների բարեկամն է, եւ որպես այդպիսին, ուղղակի մեղսակցություն ունի մեր երկրում տիրող ահավոր կոռուպցիայի, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ոտնահարման երեւույթների արմատավորման գործում։ Դա ապացուցելու համար հեռուն գնալու կարիք չկա։ Բավական է հիշել վերջին մեկուկես տարվա ընթացքում Արեւմուտքի դրսեւորած վրդովեցուցիչ անտարբերությունը Հայաստանում տեղի ունեցող անօրինական ընտրությունների, ոստիկանական ու հարկային բռնությունների, քաղբանտարկյալների առկայության, ժողովրդավարական ազատությունների ոչնչացման աղաղակող փաստերի նկատմամբ, եւ դրա կողքին՝ նրա գորովալից ու հովանավորչական վերաբերմունքը Սերժ Սարգսյանի եւ նրա վարչախմբի հանդեպ։
Դա ի հայտ եկավ նաեւ վերջին, քաղաքապետարանական ընտրություններում։ Եւրոխորհրդի Տեղական ինքնակառավարման մարմինների կոնգրեսի 15 հոգուց բաղկացած խղճուկ առաքելությունը, քվեարկության օրը ժամերով կերուխում անելուց հետո, այդ ընտրությունները գնահատեց որպես եւրոպական չափանիշներին համապատասխան, եւ իր պարտքը կատարածի գոհունակությամբ հեռացավ Հայաստանից։ Քվեարկության ընթացքը շատ ավելի ուշադիր դիտեցին Արեւմտյան երկրների երեւանյան դեսպանատների բազմաթիվ աշխատակիցներ, որոնք, սակայն, ի տարբերություն վերը նշված առաքելության, առայժմ չեն հրապարակել իրենց կարծիքը։ Տեղյակ ենք, որ վերջերս Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն իր մոտ է հրավիրել Եւրոմիության երկրների դեսպաններին ու հորդորել, որ նրանք զերծ մնան ընտրությունների մասին բացասական գնահատական տալուց, որովհետեւ դա կապակայունացնի մեր երկրի ներքաղաքական իրավիճակը եւ կխոչընդոտի տարածաշրջանային խաղաղության գործընթացին։ Նալբանդյանը միամիտ է, քանի որ առանց նրա հորդորի էլ դեսպանները խոհեմաբար լռելու էին՝ դա պատճառաբանելով Հայաստանի ներքին գործերին չխառնվելու իրենց պարտավորությամբ եւ տարածաշրջանային կայունության ու անվտանգության «վեհե նկատառումներով։ Իսկ այդ «վեհե նկատառումներն էլ, հասկանալի է, ոչ այլ ինչ են, եթե ոչ Ցեղասպանության ուրացման գնով ձեռքբերվելիք հայ–թուրքական հարաբերությունների կարգավորումը եւ Ղարաբաղի հարցում Հայաստանից նոր զիջումներ կորզելու ակնկալիքը։ Հենց դա է, որ թափանցիկ կերպով ակնարկել է Նալբանդյանը, հերթական անգամ բացահայտելով Հայաստանի հանցավոր վարչախմբի դավաճանական մտադրությունները։
Որոշ արեւմտյան դիվանագետներ ու քաղաքական գործիչներ երբեմն մեր երեսով են տալիս, որ խստորեն քննադատելով Արեւմուտքին, մենք ոչ մի կծու խոսք չենք ասում Ռուսաստանի մասին։ Բացատրեմ, թե ինչու։ Թե՛ նախագահական, թե՛ քաղաքապետարանական ընտրությունների ընթացքում Ռուսաստանը բացարձակապես չի խառնվել մեր երկրի ներքին գործերին. Ռուսաստանն, ի տարբերություն Արեւմուտքի, երբեւէ չի ասել, որ Հայաստանն արժանի է Սերժ Սարգսյանի պես նախագահի. եւ վերջապես, Ռուսաստանը ոչ մի անգամ մեր երկրում ժողովրդավարության հաստատմանն աջակցելու փարիսեցիական հավաստիացումներ չի տվել եւ իր մտադրությունները չի քողարկել «վեհե նկատառումներով։ Հետեւաբար, մենք Ռուսաստանին չենք քննադատում ոչ թե նրա նկատմամբ հատուկ վերաբերմունք ունենալու, այլ այն պատճառով, որ Հայաստանի պարագայում նրա խոսքի ու գործի միջեւ տարբերություն չենք նկատում։
Ոմանք նաեւ դժգոհում են, որ մենք երբեմն քննադատությունը տեղափոխում ենք բարոյական հարթություն եւ ժողովրդի մեջ կասկածներ սերմանում արեւմտյան երկրների քաղաքական գործիչների ազնվության նկատմամբ։ Բացատրեմ նաեւ սա։ Վերջերս պատահաբար Եւրոնյուզից տեղեկացա, որ սոցիոլոգիական հարցումներից մեկի համաձայն՝ հարցվածների 86%-ը չի հավատում Եւրոմիության երկրների քաղաքական գործիչների ազնվությանը։ Է՛հ, եթե իրենց ժողովուրդները չեն հավատում, մենք ինչու պիտի հավատանք։
Այս ամենն ասվում է ոչ թե Արեւմուտքի վարքագծի վրա ազդելու հավակնությամբ կամ նրանից ակնկալիքներ ունենալու մտքով։ Ես այնքան միամիտ չեմ, որ հավատամ Արեւմուտքի հասցեին հնչող քննադատության զորությանը՝ մի ասպարեզ, որում ես ոչ առաջինն եմ, ոչ էլ վերջինը։ Միեւնույն է, այդ քննադատությունից Արեւմուտքի վարքագիծը մազաչափ անգամ չի փոխվելու, եւ նա շարունակելու է անել այն, ինչը մինչեւ հիմա արել է։ Արեւմուտքի մասին իմ դատողությունները նորություն կամ հայտնագործություն չեն։ Վերը նշված իրողություններին շատ ավելի հիմնավոր կերպով անդրադարձել են թե՛ երրորդ աշխարհի երկրների հազարավոր ներկայացուցիչներ, թե՛ նաեւ եւրոպացի ու ամերիկացի բազմաթիվ անաչառ քաղաքագետներ, պատմաբաններ եւ քաղաքական գործիչներ։
Մեկ տարուց ավելի անդադար խոսելով Արեւմուտքի մասին, ես իմ առջեւ ոչ թե նրան դատապարտելու կամ խրատելու, այլ բոլորովին այլ խնդիրներ էի դրել, այն է՝
1. որ հայ ժողովուրդը վերջնականապես թոթափի Արեւմուտքի «արդարամտությանե հետ կապված սին պատրանքները.
2. որ Արեւմուտքը հայ ժողովրդին ցածր ռասայի կամ ապուշի տեղ չդնի, ու իմանա, որ մենք ամեն ինչ հասկանում ենք.
3. որ Արեւմուտքի հանդեպ թերահավատությունը չտարածվի արեւմտյան կամ համամարդկային արժեքների վրա, որոնց նկատմամբ հայ ժողովուրդը հավաստել է իր անսասան հավատարմությունը։
Ուստի ես ձեզ կառաջարկեի ո՛չ ակնկալիքներ ունենալ, ո՛չ էլ նեղանալ Արեւմուտքից, այլ ընդունել այն, ինչպես որ կա, եւ նույնիսկ հումորով վերաբերվել նրան։ Մխիթարվենք, թերեւս, այն իրականությամբ, որ իշխանությունների հանդեպ վստահության ճգնաժամը գուցե ավելի խորն է Եւրոպայում, քան Հայաստանում, եւ դրանով ընդհանրապես փակենք Արեւմուտքի թեման։ Իմ կողմից խոստանում եմ՝ այլեւս երբեք չանդրադառնալ այդ անհետաքրքիր թեմային։
* * *
Քաղաքապետի ընտրություններից հետո բավականին մոդայիկ են դարձել այն խոսակցությունները, որ Հայ Ազգային Կոնգրեսին անհրաժեշտ է ընդլայնել իր դաշնակիցների շրջանակը եւ համագործակցության եզրեր որոնել մնացյալ ընդդիմադիր ուժերի հետ։ Գաղափարը միանգամայն ճիշտ է եւ վիճարկման ենթակա չէ։ Այնուամենայնիվ, կարծում եմ, այն որոշ պարզաբանումների կարիք ունի։
Նախ եւ առաջ, Հայ Ազգային Կոնգրեսը երբեւէ ընդդիմադիր դաշտում ամբողջատիրություն հաստատելու կամ մյուս քաղաքական ուժերին իր մեջ ձուլելու մտադրություն չի ունեցել եւ այսօր էլ չունի։ Գլխավորը մեզ համար եղել եւ մնում է ոչ թե կառուցվածքային միատարրությունը, այլ ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից երկրի եւ ազգի առջեւ կանգնած կարեւորագույն խնդիրների լուծման անհրաժեշտության ընդհանուր գիտակցությունը։
Կոնգրեսը կամ նրան նախորդած Համաժողովրդական շարժումը երբեւէ չի հրաժարվել ընդդիմադիր որեւէ ուժի հետ համագործակցությունից։ Ավելին, որպես կանոն, ինքն է եղել համագործակցության համարյա բոլոր փորձերի նախաձեռնողը։ Հիշենք, թեկուզ, նախագահական ընտրությունների նախօրյակին մեր վարած բանակցությունները Դաշնակցության, Օրինաց երկրի, Ազգային միաբանության, Ժառանգության, Նոր ժամանակների, ԱԺՄ-ի եւ քաղաքական այլ ուժերի հետ։ Անկախ արդյունքից, անժխտելի է, որ բանակցությունների փաստն ինքնին երկխոսության որոշ մթնոլորտ ստեղծեց եւ քաղաքական մշակույթի նոր տարրեր մտցրեց երկրի կյանքում։
Թվարկված կուսակցություններից երկուսը՝ Ժառանգությունը եւ Նոր ժամանակները միացան Համաժողովրդական շարժմանը եւ նախագահական ընտրություններում սատարեցին նրա առաջադրած թեկնածուին։ Մնացյալները նախընտրեցին լքել ընդդիմադիր դաշտը եւ ապաստանել իշխանական ճամբարում։ Հետագայում, երբ ձեւավորվեց Հայ Ազգային Կոնգրեսը, Ժառանգությունը եւ Նոր ժամանակները հարմար չգտան ընդգրկվել նրա կազմում՝ շարունակելով իրենց անկախ ընդդիմադիր գործունեությունը։ Դրանով հանդերձ, Կոնգրեսի եւ Ժառանգության համագործակցությունն ամենեւին չդադարեց, ինչի ցայտուն վկայությունն են մասնավորապես նրանց բազմաթիվ համատեղ հայտարարությունները եւ Փաստահավաք խմբում ծավալած արդյունավետ գործունեությունը։
Իսկ ընդհանրապես ամենեւին կարեւորություն չպետք է տալ համագործակցության ձեւական կողմին։ Երբ տարբեր ընդդիմադիր կուսակցություններ կամ քաղաքական ուժեր, ընդհանուր շահի գիտակցությամբ, թեկուզ իրարից անկախ, պայքարում են իշխանությունների դեմ, նրանք ինքնաբերաբար դառնում են բնական դաշնակիցներ եւ ուժեղացնում միմյանց։ Այդպես է, ահա, Հայ Ազգային Կոնգրեսի եւ Ժառանգության պարագայում։ Ինչ վերաբերում է մյուս կուսակցություններին, մասնավորապես Դաշնակցությանը եւ Բարգավաճ Հայաստանին, ապա նրանք դեռ ընդդիմություն պիտի դառնան, որպեսզի նրանց հետ համագործակցելու անհրաժեշտությունից խոսվի։ Թեեւ հարկ է ճշտել, որ Դաշնակցությունը, կարծես-թե, արդեն բռնել է այդպիսին դառնալու ճանապարհը, ինչն, անշուշտ, երկխոսության դուռ կարող է բացել։
Ինձ համար անհասկանալի է ընդդիմության դաշտում առաջացած հրմշտոցը։ Այդ դաշտն այնքան ընդարձակ է, որ կարող է տեղավորել բոլորին։ Վերջին հաշվով, քաղաքական որեւէ ուժի ետեւից գնալու որոշումը պատկանում է ժողովրդին։ Հայ Ազգային Կոնգրեսը, կայացած փաստ լինելով, ինքնահաստատման խնդիր չունի։ Մենք պատրաստ ենք ընդդիմության դաշտում գրկաբաց ընդունել ցանկացած կուսակցություն՝ չվախենալով մրցակցությունից եւ բաց չթողնելով համագործակցության որեւէ առիթ։ Հասարակության մեջ վհատություն ու հուսահատություն սերմանողները կամ ընդդիմության դաշտը պառակտել փորձողները՝ մի կողմից ակամա (չեմ ուզում կարծել՝ թե դիտավորյալ) ծառայություն են մատուցում իշխանություններին, մյուս կողմից՝ իրենց դատապարտում են մարգինալացման։ Կոնգրեսն իր պարտքն է համարում ամեն ինչ անել այդ պառակտումը թույլ չտալու համար եւ համագործակցության ձեռք է մեկնում բոլոր ընդդիմադիր ուժերին։
* * *
Ի՞նչ կարելի է ասել մայիսի 31-ին կայացած Երեւանի քաղաքապետի ընտրությունների մասին։ Այսօր որոշ լրագրողներ, քաղաքագետներ ու նույնիսկ քաղաքական գործիչներ լուրջ ջանքեր են գործադրում հանգամանալից վերլուծության ենթարկելու այդ ընտրությունների հրապարակված արդյունքները եւ հեռուն գնացող եզրակացություններ կատարելու քաղաքական դաշտի վերադասավորումների վերաբերյալ։ Ընդ որում, խոսքը վերաբերում է ոչ թե իշխանական եւ իշխանամետ ճամբարից հնչող անհեթեթություններին, որոնք կարելի է ընդհանրապես հաշվի չառնել, այլ անկախ եւ ընդդիմադիր շրջանակներում արտահայտվող տրամադրություններին։ Ամենազավեշտականն այն է, որ փորձ է արվում բացահայտել ու մատնանշել տասնյակ պատճառներ, որոնք հանգեցրել են ընտրությունների պաշտոնական արդյունքներին։
Իսկ դա զավեշտական ու միաժամանակ անիմաստ զբաղմունք է, առաջին հերթին, այն պատճառով, որ անհնար է տեղի ունեցածը որեւէ չափանիշով ընտրություն համարել։ Իրականությունը հիշեցնում է հայտնի միջնադարյան անեկդոտի բովանդակած իմաստությունը։ Երբ մի գյուղ այցելած եպիսկոպոսին հավուր պատշաճի, այսինքն՝ եկեղեցու զանգերի ղողանջյունով չեն դիմավորում, տեղի քահանան արդարանում է, ասելով, որ դրա համար քառասուն պատճառ կա։ Եպիսկոպոսի խնդրանքին՝ թվարկելու դրանք, քահանան պատասխանում է. «Նախ եւ առաջ զանգ չունենքե։ «Բավ է, որդյակսե,– ասում է եպիսկոպոսն ու անցնում առաջ։
Ըստ այդմ, ավելորդ է խոսել ընտրությունների արդյունքների, դրանց հանգեցրած պատճառների ու քաղաքական հետեւանքների մասին, քանի որ, ինչպես հիշված անեկդոտում, «Նախ եւ առաջ ընտրություն չի եղելե։ Ընտրությունը ոչ թե միջոցառում է, այլ ժողովրդի կամքի ազատ արտահայտություն։ Իսկ միայն խելագարը կամ բարոյազուրկ մարդը կարող է տեղի ունեցածը ընտրություն կամ ժողովրդի կամքի արտահայտություն համարել։ Տեղի ունեցածը Հայաստանի ավազակապետական վարչախմբի ձեռքով եւ Արեւմուտքի թողտվությամբ իրականացած կատարյալ բանդիտիզմ էր, որը եթե եւրոպական չափանիշներով մի քայլ առաջ էր նախագահական ընտրությունների համեմատ, ապա միայն նրանով, որ այս անգամ իշխանությունները տասը մարդ չգնդակահարեցին։
Հետեւաբար, չլինելով ժողովրդի կամքի ազատ արտահայտությունը, քաղաքապետի ընտրությունները չեն կարող հիմք տալ որեւէ եզրակացություն անելու ինչպես քաղաքական ուժերի իրական հարաբերակցության, այնպես էլ քաղաքական դաշտում սպասվող վերադասավորումների մասին։ Հապշտապ, հախուռն եզրակացություններն ու գնահատականները, բախվելով իրականությանը, կարող են անհարմար վիճակի մեջ դնել դրանց հեղինակներին ու վտանգել նրանց հեղինակությունը։ Ուստի մեր բոլոր համակիրներին ու ընդդիմադիր դաշտի գործիչներին ես կհորդորեի, շարունակելով հանդերձ ընտրությունների կեղծման եւ բռնությունների կիրառման փաստերի բացահայտումը, զերծ մնալ անիմաստ վերլուծություններից եւ չներքաշվել ավելորդ բանավեճերի մեջ, քանի որ դրանով նրանք կարող են կողմնակիորեն նպաստել այդ խայտառակ ընտրությունները լեգիտիմացնելու գործին։
Ընդդիմությունը, ի մասնավորի Հայ Ազգային Կոնգրեսը, անհանգստանալու կամ մտահոգվելու տեղիք կունենար, եթե ընտրությունների արդյունքները որեւէ կապ ունենային իրականության հետ։ Թող պարադոքսալ չհնչի, մենք այս ընտրություններից դուրս ենք եկել ավելի զորացած, քանի որ մեկամսյա քարոզարշավի ընթացքում մեզ հաջողվել է Շարժման գաղափարները տարածել հասարակության նորանոր շերտերում եւ ստեղծել նվիրյալ ակտիվիստների ավելի հզոր մի բանակ։ Առիթից օգտվելով, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Կոնգրեսը ներկայացնող բոլոր վստահված անձանց, ընտրական հանձնաժողովների անդամներին եւ հասարակական կազմակերպությունների դիտորդներին ու լրագրողներին՝ անհավասար պայքարում դրսեւորած գրագետ, սկզբունքային, մինչեւ իսկ հերոսական կեցվածքի համար։
Ավազակախումբը կարող է խրախճանքներ կազմակերպել ու տոնել սեփական ժողովրդի դեմ տարած իր հերթական հաղթանակը։ Իսկ հասարակությունը պարտավոր է գիտակցել, որ այդ հաղթանակը ձեռք է բերվել երկիրը հիմնովին քրեականացնելու, ժողովրդի զգալի մասին վերջնականապես ճորտացնելու եւ արտաքին մարտահրավերների հանդեպ Հայաստանն ավելի խոցելի դարձնելու գնով։ Եւ շատ շուտով գալու է այդ գինը վճարելու ժամանակը, որից տուժելու է ոչ այնքան իշխանությունը, որքան նույն ինքը ժողովուրդը։
* * *
Ասվածից հետեւում է, որ չկայացած ընտրությունների պատճառով Հայ Ազգային Կոնգրեսն իր ծրագրերը, մեթոդները եւ գործելակերպը վերանայելու կամ էապես փոխելու կարիք չունի։ Մենք շարունակելու ենք հավատարիմ մնալ քաղաքական պայքարի սահմանադրական ուղուն, որն իրեն լրիվ արդարացրել է՝ մեկուկես տարվա ընթացքում Կոնգրեսը վերածելով լիովին կայացած, ինստիտուցիոնալ քաղաքական ուժի։ Եւ դա՝ հակառակ մարտի 1-ի ահավոր սպանդի, Համաժողովրդական շարժման դեմ կիրառված լայնածավալ բռնությունների ու մեր բազմաթիվ ընկերների բանտարկության։
Թե՛ Հայաստանի քրեական իշխանությունները, թե՛ ընդդիմության անհեռատես տարրերը, եւ թե՛ արեւմտյան որոշ շրջանակներ երջանիկ կլինեին, եթե մենք շեղվեինք պայքարի սահմանադրական եղանակներից ու բռնեինք բռնության եւ ապօրինի գործողությունների ճանապարհը։ Դա ոչ միայն չէր նպաստի քաղբանտարկյալների խնդրի լուծմանը, այլեւ կարդարացներ նրանց նկատմամբ գործվող ապօրինություններն ու կերկարաձգեր նրանց ազատազրկումը։ Դա նաեւ մեզ ամենեւին չէր մոտեցնի մեր գլխավոր նպատակի՝ ավազակապետության տապալման եւ սահմանադրական կարգի վերականգնման իրականացմանը։ Եւ վերջապես, դա կլիներ ընդդիմությունը ջախջախելու ամենակարճ ճանապարհը։
Այսպես կոչված վճռական գործողությունների, գրոհի կամ ապստամբության մասին մեր տեսակետը ես մանրամասն ներկայացրել եմ մարտի 1-ի հանրահավաքում ունեցած իմ ելույթում, որին ավելացնելու բան չունեմ։ Հոգեբանական ճնշումներով, անվճռականության մեջ մեղադրանքներով Կոնգրեսին հավասարակշռությունից հանել հնարավոր չէ։ Այլ կերպ մտածողները թող բարի լինեն՝ իրենք ցույց տան սեփական վճռականությունը եւ փորձեն ժողովրդին առաջնորդել իրենց նախընտրած ճանապարհով։ Որեւէ մտավախություն չունեմ, որ ժողովուրդը կգնա արկածախնդիրների ետեւից, իսկ Կոնգրեսը կկորցնի զանգվածների վրա ունեցած իր ազդեցությունը։
Ավելի վճռական գործունեություն, քան օրինականության շրջանակներում մեկուկես տարի շարունակ Կոնգրեսի մղած հետեւողական պայքարը, դժվար է պատկերացնել։ Եւ այդ պայքարը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ չեն իրականացել մեր բոլոր նպատակները, քանի դեռ ավազակապետությունը չի կազմաքանդվել, եւ քանի դեռ Սերժ Սարգսյանը չի հեռացել Հայաստանից։ Քաղաքապետի ընտրությունների առթիվ իշխանությունների խրախճանքներն ու տոնախմբությունները շուտով կավարտվեն, եւ նրանք իրենց կգտնեն երկրի առջեւ ծառացած անլուծելի խնդիրների դառը իրականության առջեւ։ Ընտրագողությունից ու բռնությունից բացի, նրանք չունեն իրենց դիրքերն ամրապնդելու որեւէ այլ ռեսուրս եւ ի վիճակի չեն լուծելու առկա խնդիրներից ոչ մեկը՝ լինի դա տնտեսության, թե արտաքին քաղաքականության բնագավառում։ Որ ներկա իշխանությունը տապալվելու է եւ Սերժ Սարգսյանը չի դիմանալու մինչեւ իր պաշտոնավարման ժամկետի ավարտը, կասկածից վեր է։ Այնպես որ, մենք շտապելու տեղ չունենք, քանի որ ժամանակն աշխատում է մեր օգտին։ Ուստի մեր հաջորդ հանրահավաքը մենք նախատեսում ենք անցկացնել սեպտեմբերի 18-ին, չբացառելով անշուշտ, անհրաժեշտության պարագայում կազմակերպել նաեւ միջանկյալ հանրահավաքներ ու այլ միջոցառումներ։
* * *
Ձեզ հրաժեշտ տալուց առաջ, սակայն, ուզում եմ եւս մեկ անգամ կարեւորել քաղաքական կուսակցությունների համագործակցության անհրաժեշտությունը եւ անառարկայական չթվալու համար՝ ընդդիմադիր ուժերին առաջարկում եմ միավորվել հետեւյալ պլատֆորմի շուրջ.

1. Վիժեցնել Ցեղասպանության իրողությունը կասկածի տակ դնելու նպատակով հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծման դավադիր ծրագրի իրականացումը.
2. Իշխանություններին թույլ չտալ անհարկի զիջումների գնալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում.
3. Վերականգնել բանակցությունների նախկին ձեւաչափը, որում, ԵԱՀԿ Բուդապեշտյան գագաթնաժողովի սահմանած կարգավիճակով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հանդես էր գալիս որպես հակամարտության լիիրավ կողմ.
4. Ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին եւ հարկային տեռորի զոհ դարձած գործարարներին.
5. Ստեղծել մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրման անկախ միջազգային հանձնաժողով, կամ վերականգնել Փաստահավաք խումբը՝ նրա կազմը համալրելով միջազգային փորձագետներով.
6. Լիովին բացահայտել եւ դատական կարգով պատժի ենթարկել մարտի 1-ի ոճրագործության բուն մեղավորներին.
7. Արմատապես վերափոխել ընտրական համակարգը՝ մասնավորապես, վերացնել բազմակուսակցական ընտրական հանձնաժողովները եւ ընտրությունների անցկացման պատասխանատվությունը դնել Ոստիկանության կամ Արդարադատության նախարարության վրա. կրկնաքվեարկությունը բացառելու նպատակով այսուհետեւ բոլոր ընտրություններում կիրառել մատների թանաքոտման պրակտիկան.
8. Վերացնել տնտեսական մոնոպոլիաները եւ հարկային դաշտ բերել բոլոր խոշոր ձեռնարկատերերին.
9. Կատարել Եւրոդատարանի վճիռն ու ԵԽԽՎ բանաձեւերի պահանջը, եւ անհապաղ վերաբացել Ա1+ հեռուստակայանը.
10. Դադարեցնել երթերի, ցույցերի եւ հանրահավաքների ապօրինի խոչընդոտման հանցավոր պրակտիկան.
11. Անցկացնել արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ.
12. Պահանջել Սերժ Սարգսյանի անհապաղ հրաժարականը։

Ահա այն պլատֆորմը, որի շուրջ Հայ Ազգային Կոնգրեսը պատրաստ է համագործակցել ցանկացած քաղաքական ուժի հետ։ Թյուրիմացություններից խուսափելու համար ուզում եմ շեշտել, որ խոսքը վերաբերում է ոչ թե Կոնգրեսի, այլ քաղաքական պլատֆորմի կամ գործողությունների ծրագրի շուրջ միավորվելուն։ Ավելորդ է նշել, իհարկե, որ այս պլատֆորմը նախնական ու զուտ աշխատանքային է, որը, շահագրգիռ ուժերի հետ քննարկումների արդյունքում, ենթակա է փոփոխությունների ու լրացումների։ Կարծում եմ, ամառը լիովին բավարար ժամանակ է այդ հույժ անհրաժեշտ աշխատանքը կատարելու համար։
Մինչ նոր հանդիպում։

Comments

Popular posts from this blog

Даешь митинги!

Лидер оппозиционной Народной партии Армении Степан Демирчян заявил сегодня в Ереване, что мировые державы заинтересованы в ускорении процессов нормализации армяно-турецких отношений и урегулирования карабахской проблемы, и с этой целью оказывают давление на стороны, в частности, и на Армению. По его словам, минимизировать влияние давления возможно посредством общественной консолидации и оздоровления морально-психологической обстановки в стране через проведение новых справедливых выборов. Лидер НПА отметил, что нормализация армяно-турецких отношений и разрешение карабахского конфликта не могут произойти в ущерб национального достоинства Армении и армянского народа. НПА не будет участвовать в организованных со стороны АРФД акциях протеста против ратификации армяно-турецких протоколов, заявил Демирчян. Вместе с тем он признал необходимость проведения митингов Армянским Национальным Конгрессом, куда входит и НПА, “тем более есть, что сказать народу”.Ближайший м

Ключ к нагорно-карабахской проблеме находится в Москве

“Петушиным боем” назвал прошедший накануне телефонный разговор между министрами иностранных дел Армении и Турции представитель оппозиционного Армянского Национального Конгресса, бывший глава МИД Армении Александр Арзуманян. Выступая сегодня в ереванском пресс-клубе “Иравунк Де-факто”, экс-министр заявил, что “Турция остается верной своей многолетней тактике выступать с неуместными, дурацкими и ничем необоснованными заявлениями, а армянская сторона ведет абсурдный нечленораздельный диалог с Анкарой”. “Турция ратифицирует подписанные в Цюрихе протоколы лишь в том случае, если отметит прогресс в процессе урегулирования нагорно-карабахской проблемы”, заявил он. Александр Арзуманян выразил уверенность в тесной взаимосвязанности процессов нормализации армяно-турецких отношений и нагорно-карабахского урегулирования. По его словам, их активизация продиктована интересами России в регионе. Экс-министр напомнил, что начало “футбольной дипломатии” было поставлено в Москве. По его словам, кл

Տիգրան Խզմալյանը` հեղափոխական

Ընդդիմադիր « Սարդարապատ » շարժման նախաձեռնող խմբի անդամ , կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը այսօր խոստովանել է լրագրողներին, որ նախընտրում է զբաղվել ոչ թե կինոյով, այլ հեղափոխության արհեստով:  Ըստ նրա, մեր երկիրը կարիք ունի արմատական փոփոխությունների, ինչը թույլ կտա դուրս գալ շարունակական քաղաքական ձմեռից:  Այսօր կայացած ասուլիսի ընթացքում Տիգրան Խզմալյանը քննադատել է ինչպես իշխանություններին , այնպես էլ ընդդիմադիր Հայ Ազգային Կոնգրեսսի վերնախավին : Խզմալյանը իր մտահոգությունն է հայտնել երկրի , ըստ նրա , թույլ կառավարման համակարգի առկայությամբ , որը կարիք ունի հեղափոխական փոփոխությամբ : Միևնույն ժամանակ ընդդիմադիր ժողովրդական զանգվածների միավորման համար անհրաժեշտ են նոր առաջնորդների թիմ , ինչպես դա եղավ 1988 թվականին : Խզմալյանը հայտարարեց , որ   « « Սարդարապատ » շարժումը ունի անհրաժեշտ ներուժը , թեպետ չի նախապատրաստվում մասնակցել մոտակա խորհրդարանական ընտրություններին , լինեն դրանք հերթական , թե արտահերթ :  Ըստ Խզմալյանի, հեղափոխ