Հայ-ամերիկյան համատեղ գործողությունների ծրագիրը միջուկային նյութերի մաքսանենգ փոխադրումների դեմ պայքարում ստորագրվեց Վաշինգտոնում
Երեկ ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսն ու ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև միջուկային ու ռադիոակտիվ նյութերի մաքսանենգ փոխադրումների դեմ պայքարի ոլորտում համատեղ գործողությունների ծրագիրը»:
Այս քաղաքական համաձայնագիրը արտահայտում է երկու երկրների կառավարությունների մտադրությունը միջուկային և ռադիոակտիվ նյութերի մաքսանենգ փոխադրումները կանխելու, հայտնաբերելու և այդպիսի միջադեպերին արդյունավետ կերպով արձագանքելու Հայաստանի Հանրապետության հզորությունները մեծացնելու ուղղությամբ համագործակցության վերաբերյալ: Այս համաձայնագրով ՀՀ և ԱՄՆ կառավարությունները նշանակալիորեն ամրապնդում են իրենց համատեղ ջանքերը, որոնք ուղղված ահաբեկիչների կողմից բարձր ռադիոակտիվության նյութեր ձեռք բերելու վտանգի կանխմանը:
Այս համաձայնագիրը թվով 5-րդն է, որ ստորագրվել է ԱՄՆ կառավարության Միջուկային նյութերի մաքսանենգ փոխադրումների դեմ պայքարի օժանդակության նախաձեռնության շրջանակում: Մինչ այդ ստորագրվել են համաձայնագրեր Ուկրաինայի, Ղազախստանի, Վրաստանի ու Ղրղզստանի հետ: Այս համաձայնագրերի իրականացմանն աջակցելու նպատակով այս պահին ԱՄՆ կառավարությանը գործընկերության հայտ են ներկայացրել 8 երկրներ ու 3 միջազգային կազմակերպություններ:
Միջուկային նյութերի մաքսանենգ փոխադրումների դեմ պայքարի օժանդակության նախաձեռնության վերաբերյալ մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել www.nsoi-state.net/ կայքէջը:
Comments