Ղազախստանը պաշտպանել է Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը և այդ ուղղությամբ մշակված «ճանապարհային քարտեզը»: Հիշեցնելով դրա մասին՝ մեր երկրում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովն այսօր նշեց, որ առկա տեխնիկական հարցերը վերաբերվում են Հայաստանի մաքսային տարածքի համապատասխանատվությանը Մաքսային միության պահանջներին: Անցյալ տարևերջին կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, ի նկատի ունենալով Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի ընդհանուր տնտեսական տարածքը, ակնարկել էր համապատասխանության մասին։ «Դե պարզ է, քանի որ պաշտպանել ենք ճանապարհային քարտեզը, ապա ի՞նչ հարցեր կարող են լինել»,- ասաց դեսպանը:
Իսկ այսօրվա հավաքի բուն առիթը Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հունվարի 17-ին հրապարակված «Ղազախական ուղի-2050» ուղերձն եր, որով նախանշված է երկրի ռազմավարական զարգացման ծրագիրը: Ղազախստանը որպես ինքնաբավ տնտեսապես զարգացած և մրցունակ երկիր, այսօր զարգանում է սեփական տնտեսական մոդելով, նշեց Հայաստանում այս երկրի դեսպանը:
2013 թվականին Համախառն ներքին արդյունքը կազմել է 232 մլրդ ԱՄՆ դոլար՝ տարեկան կտրվածքով աճելով 6 տոկոսով: Նվազագույն աշխատավարձը կազմում է 120 դոլարին համարժեք, միջին աշխատավարձը ՝ 750 դոլարին համարժեք թենգե: Նվազագույն կենսաթոշակը կազմում է 130 դոլար:
Արձանագրված տնտեսական հաջողությունները պայմանավորված են նաև կայուն զարգացած քաղաքացիական հասարակության առկայությամբ, ասում է ղազախ զիվանագետը։ Ղազախստանում այսօր ապրում են 130 ազգությունների ներկայացուցիչներ, որոնց թվում են նաև հայերը: Տարբեր տվյալներով՝ նրանց թիվը կազմում է 30-60 հազար:
Ըստ Այըմդոս Բոզժիգիտովի՝ հայ համաայնքը ներկայացված է ոչ միայն քանակապես, այլ նաև որակապես: Մեր հայրենակիցները զբաղված են տարբեր ոլորտներում, ինչպես գործարար, այնպես էլ մշակութային: Անցյալ տարի Ղազախստանից Հայաստան մասնավոր տրանսվերների միջոցով փոխանցվել է ավելի քան 20 մլն ԱՄՆ դոլար, հավելեց դեսպանը:
Լսել ռեպորտաժը
Comments