«Ես խոստովանում եմ, որ քաղաքական միամտություն եմ ցուցաբերել»,– հայտարարեց հուլիսի 1-ին Հայաստանի առաջին նախագահ, նախագահի նախկին թեկնածու Լեւոն Տեր—Պետրոսյանը։ Իր խոսքով՝ նա հավատացել է, որ ԵԽ ԽՎ 1609 բանաձեւը կարող է ազդել Հայաստանի իշխանությունների վրա։
Տեր—Պետրոսյանը հիասթափվել է Եվրախորհրդից եւ նրա ներկայացուցիչների «անսկզբունքայնությունից»։ Դրա հիմնական դրսեւորումը նախկին նախագահը համարում է ԵԽ ԽՎ–ում Հայաստանին ձայնի իրավունքից չզրկելը, ինչը նախատեսվում էր 1609 բանաձևով։ Ավելին, Տեր—Պետրոսյանը փաստեց, որ ԵԽ ԽՎ—ն ընդունեց 1620 բանաձեւը, որտեղ ավելի շատ ողջույններ են իշխանության հասցեին եւ ընդամենը մի երկու դիտողություն։
Համաժողովրդական շարժման առաջնորդն որպես «անսկզբունքայնություն» որակեց նաեւ այն իրողությունը, որ 1620 բանաձեւում ասվում է, որ մարտիմեկյան դեպքերի ուսումնասիրության նպատակով ստեղծված հանձնաժողովի անկախությունն ու թափանցիկությունն այնքան էլ հավատ չեն ներշնչում, միեւնույն ժամանակ, սակայն, կոչ է արվում, որ ընդդիմությունը մասնակցի նրա աշխատանքներին։ «Նրանց գնահատականի տրամաբանական եզրակացությունը պետք է լիներ ստեղծված հանձնաժողովը լուծարելու պահանջը»։
Տեր—Պետրոսյանի դիտարկմամբ՝ ներկայումս փաստացի մի իրավիճակ է, երբ իր գլխավորած Համաժողովրդական շարժումը դատական պրոցեսի մեջ է Հայաստանի իշխանության հետ, դատարանն էլ Եվրախորհուրդն է, իսկ ԵԽ ԽՎ Հայաստանի հարցի համազեկուցողներ Պրեսկոտն ու Կոլոմբիեն ստանձնել են ոչ թե դատավորի, այլ Հայաստանի իշխանությունների փաստաբանի դեր։
Արդյո՞ք պատրաստվում է պայքարել Հայաստանի չորրորդ նախագահի պաշտոնի համար հարցին ի պատասխան՝ Լ. Տեր—Պետրոսյանն ասաց, որ եթե լինեն արտահերթ ընտրություններ՝ այո, սակայն ոչ 10 տարի հետո։ «Բացառված չէ, որ այլ թեկնածու առաջադրենք. ունենք հզոր շարժում»։ Իսկ «շարժման» նախագահացուների թիվը, ըստ Տեր—Պետրոսյանի, առնվազն 10—ն է։
Comments